Delta-ն ստարտափի 16-շաբաթյա ինկուբացիոն ծրագիր է երիտասարդների համար, ովքեր ցանկություն ունեն ստարտափ հիմնելու, բայց դեռ չեն գտել վալիդացված խնդիր եւ կարիք ունեն ամրապնդելու իրենց ձեռնարկատիրական ու անձնային հմտությունները։
Ծրագիրը մասնակցին տանում է հիմնադրի ամբողջ սկզբնական ճանապարհով՝
Զուգահեռ՝ զարգացնում ենք մասնակցի ոչ տեխնիկական, անձնային հմտությունները եւ ամեն օր հետեւում ենք նրա վիճակին ու վարքին։ Դինամիկան տեսնում ենք ընթացքում եւ իրավիճակային փոփոխություններով բարձրացնում արդյունավետությունը, իսկ 16 շաբաթվա ընդհանուր արդյունքը ներկայացվում է անհատական Talent Report-ով՝ ծրագրի վերջում։
Ըստ CB Insights-ի՝ փակված ստարտափերի վերլուծությունների (CB Insights, մարտ 2026 · CB Insights, սեպտեմբեր 2017), ի թիվս այլ կարեւոր պատճառների, ձախողման հիմնական պատճառներից են.
Կառուցվում է լուծում մի խնդրի համար, որ շուկան բավարար ուժգնությամբ չունի։
Ռեսուրսն այրվում է ավելի շուտ, քան մոդելը դառնում է կայուն։
Մարդիկ, ովքեր չպիտի միասին լինեին, կամ չգիտեն միասին արդյունավետ աշխատել։
Այս պատճառներից շատերի հետեւում կանգնած են հիմնադրի որոշումներն ու հմտությունները, եւ հաճախ թերանում են հենց ձեռնարկատիրական ու անձնային հմտությունները՝
Հայաստանում ապրող հարյուրավոր երիտասարդներ ունեն բավարար մասնագիտական փորձ, ցանկություն եւ ժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար։ Բայց նրանք կա՛մ այդպես էլ չեն սկսում՝ անորոշության պատճառով, կա՛մ սկսելուց կարճ ժամանակ անց ձախողում են՝ գիտելիքի ու հմտության թերացման պատճառով։
Delta-ն միտված է լուծել հենց այդ խնդիրները՝ մասնակցին անցկացնելով ստարտափ հիմնելու ամբողջ սկզբնական ճանապարհով, հետեւյալ քայլերով.
Դաշտային աշխատանք ընտրված ոլորտում. իրական խնդիրներ՝ մասնագետների, փորձագետների հետ ձայնագրված զրույցներից եւ համացանցի բաց հասանելի տեղեկատվությունից, ոչ ենթադրություններից։ Փուլի վերջում մասնակիցն ունի 3 խնդիր-թեկնածու։
Պոտենցիալ հաճախորդների հետ ձայնագրված հարցազրույցներով ստուգել՝ խնդիրը իրո՞ք առկա է եւ ա՞յն չափով, որ հաճախորդները պատրաստ են վճարել դրա համար։ Մեկ մասնակցի նվազագույնը՝ 15 հարցազրույց, եթե հաճախորդը կազմակերպություն է, եւ 30, եթե անհատ է։ Չձայնագրված զրույցը ապացույց չի համարվում։
Թիմը ձեւավորվում է արդեն վալիդացված խնդրի շուրջ։ Մասնակիցներին տրվում է գիտելիք եւ ուղղորդում՝ թիմակիցներ գտնելու, նրանց հետ համագործակցության մանրամասները հստակ սահմանելու եւ փաստաթղթավորելու գործում։ Մասնակիցները կարող են թիմ կազմել ծրագրի ներսում՝ մյուս մասնակիցների հետ, ծրագրից դուրս՝ այլ մարդկանց հետ, ինչպես նաեւ ունեն հնարավորություն միայնակ հասնել ծրագրի ավարտին եւ դրանից հետո թիմ կազմել։
Մշակվում են լուծման ճարտարապետությունը եւ MVP-ի շրջանակը՝ իրագործելի, ոչ երեւակայական։ MVP-ն ծրագրի ներսում չի կառուցվում. այն վաճառվում է՝ լենդինգ էջով եւ կոնկրետ գնային առաջարկով։ Գլխավոր ապացույցը վճարումն է կամ գրավոր պարտավորությունը (LOI)։ Եթե 12-րդ շաբաթին առնվազն 45 հարցազրույցից հետո չկա ոչ վճարում, ոչ LOI, դա ազդանշան է գաղափարը փոխելու, ոչ թե շարունակելու։
Մասնակիցը ներկայացնում է ամբողջը՝ խնդիր, ապացույց, թիմ, լուծում եւ MVP-ի պլանը՝ հստակ ու պաշտպանելի ձեւով։
Մեխանիկան կառուցում է ստարտափը։ Բայց հիմնադիրը այն մարդն է, ով պիտի դիմանա այդ մեխանիկային։ Ուստի ողջ 16 շաբաթ, զուգահեռ ինկուբացիային, աշխատում ենք հենց մարդու վրա՝ HumanUp-ի մոդելի չորս ոլորտում։ Չափվում է ոչ թե հմտության կամ ինտելեկտի մակարդակը, այլ մարդու վիճակն ու վարքը՝ ամեն օր, իր իսկ ելակետի համեմատ։
Քուն, նպատակային սնունդ, մարմնամարզություն եւ օրվա կենսուժ՝ ամենօրյա գրանցումով։ Այն, ինչը պահում է հիմնադրին 16 շաբաթվա ծանրաբեռնվածության տակ։
Հույզերը նկատել ու կառավարել մերժման, լարվածության եւ անորոշության մեջ։ Ամեն օր երեք անգամ գրանցվում է տրամադրությունը, եւ ռեփորթում երեւում է դրա դինամիկան։ Զգացած հույզերի ցանկերը թիվ չեն ստանում եւ տեսանելի են միայն մասնակցին։
Ամեն շաբաթ՝ 10-րոպեանոց իրավիճակային մարտահրավեր՝ սահմանափակ ժամանակ, թերի տվյալ, մեկ որոշում։ Գնահատվում է որոշման ձեւը 5 մեխանիկական չափանիշով, ոչ պատասխանի ճշտությունը եւ ոչ հմտության մակարդակը։ Զուգահեռ՝ ամենօրյա «այստեղ եւ հիմա» վարժանք. չափվում է ժամանակը մինչեւ այն պահը, երբ մասնակիցը նկատում է, որ միտքը տարել է իրեն ներկայից։
Ամեն երեկո մասնակիցը գրում է վաղվա ՄԵԿ առաջադրանքը, հաջորդ օրը նշում՝ արվե՞ց, թե՞ ոչ։ Կարգապահությունը չափվում է գործողությամբ, ոչ ինքնազգացողությամբ։ Իսկ կամքը զարգացնում ենք երկու մեթոդով՝ անել այն, ինչ չես ուզում, եւ չանել այն, ինչ ուզում ես։
Ութ ոչ տեխնիկական հմտություն զարգացվում է շաբաթական սեսիաներում եւ իրական աշխատանքում, բայց թվային միավոր չի ստանում. 16 շաբաթում դրանք վավեր չափելու գործիք չկա, իսկ ինքնագնահատումը հմտության ապացույց չէ։
Ելքին մասնակիցը ստանում է անհատական Talent Report. ամեն ցուցանիշ՝ իր ելակետի համեմատ (ելակետը գրանցման առաջին 14 օրվա մեդիանն է), բոլոր ցուցանիշների օրական դինամիկան՝ նույն օրերի վրա, եւ շուկայական վալիդացիան՝ ձայնագրված զրույցներից մինչեւ վճարում կամ գրավոր պարտավորություն (LOI)։ Շուկայական արդյունքը հաստատվում է առնվազն 2 աղբյուրով։ Ոչ AI-գեներացված տոկոսներ, ոչ հմտության «միավոր», ոչ պատճառականության պնդում։
Հայաստանում ինկուբացիա արդեն կա, եւ մեծ մասը՝ ուժեղ բրենդով ու հաճախ անվճար։ Անազնիվ կլիներ ասել, թե դրանք թույլ են։ Չեն։ Տարբերությունը ուրիշ տեղ է.
Ուժեղ ծրագրեր են, հիմնականում tech-ուղղվածությամբ, հաճախ անվճար։ Բայց մեծ մասը պահանջում է ստարտափի առկա գաղափար եւ թիմ, իսկ դրանց հրապարակային փաստաթղթերում չի երեւում, որ համակարգված աշխատում են հիմնադրի ոչ տեխնիկական հմտությունների վրա եւ հետեւում նրա վիճակին ու վարքին։
Ինկուբացիա + mindset, որոշների մոտ՝ նաեւ մասնակցի անհատական գնահատում մուտքի պահին եւ մենթորների շաբաթական հետադարձ կապ։ Բայց վերցնում են equity, ի տարբերություն մեզ։
Աշխատում են մարդու վրա, բայց առանց ինկուբացիայի եւ առանց չափելի ապացույցի, թե ինչ փոխվեց։
Մեկ ծրագրում համադրում է ինկուբացիա + ոչ տեխնիկական զարգացում՝ վիճակի ու վարքի չափումով, չի պահանջում առկա գաղափար կամ թիմ, բաժնեմաս չի վերցնում եւ բացահայտ ասում է, թե ինչը չի չափում։
Ի՞նչ ենք ստուգել։ Delta-ում 8 ոչ տեխնիկական հմտությունները զարգացվում են, իսկ վիճակն ու վարքը՝ չափվում. ամենօրյա գրանցում, անհատական baseline, 5 մեխանիկական չափանիշով գնահատում (ոչ ինքնագնահատում) եւ իրական ապացույցներ (customer interviews, վճարումներ, LOI)։ Չափման այս մոդելը incubation-ի հետ միասին Հայաստանի 16 ստուգված ծրագրերի հրապարակային փաստաթղթերով հաստատված չգտանք։
Delta-ի հետազոտություն, 26.09.2026, 16 ծրագիր, 22 հղում · աղբյուրների ստուգում՝ 28.09.2026
Նույն կերպ ստուգել ենք նաեւ ծրագրի հերթականությունը՝ առանց գաղափարի մուտք → ինքնուրույն խնդրի բացահայտում → իրական օգտատերերով խնդրի վալիդացիա → ապացույցի շեմ → միայն դրանից հետո լուծում։ Այս շղթան ամբողջությամբ հաստատող ծրագիր Հայաստանում հրապարակային փաստաթղթերով նույնպես չգտանք։
Delta-ի հետազոտություն, 14.09.2026, 10 ծրագիր, 46 հղում
Կարեւոր վերապահում. սա նշանակում է, որ հրապարակային փաստաթղթերով հաստատված չգտանք, ոչ թե որ Հայաստանում նման բան չի արվել. ծրագրերը կարող են ունենալ ներքին գնահատման ձեւեր, որոնք հրապարակային չեն։ Մոդելը ինքնին նոր չէ — աշխարհում այն գործում է (Aaltoes Problem Discovery Sprint, Zero Vector «Build Nothing. Prove Everything», NCCU Creative Ideas Hackathon, Lead4Africa)։ Տարբերությունն այն է, որ այդ ձեւաչափերը 24–48 ժամ են, իսկ Delta-ն նույն շղթան բացում է 16 շաբաթի վրա, որտեղ դաշտային աշխատանքը իրական ժամանակ ունի։
Ֆինանսավորման երկու տարբերակ ենք դիտարկում։ Երկու դեպքում էլ ծրագիրը մասնակիցների ստարտափներից բաժնեմաս (equity) չի վերցնում.
Մասնակիցն ինքն է հոգում իր մասնակցությունը՝ 200,000 դրամ 16 շաբաթի համար (4 ամսական վճար՝ 50,000 դրամ), որպես անձնական ներդրում սեփական ձեռնարկատիրական ճանապարհում։
Կառույցը հովանավորում է երիտասարդների մասնակցությունը՝ դառնալով ծրագրի համահեղինակ / աջակից եւ ստանալով պատրաստված հիմնադիրների հոսք՝ նրանց աշխատանքի չափելի արդյունքով։
Դիտարկում ենք նաեւ համագործակցություն կառույցների հետ, ովքեր կդառնան ծրագրի համահեղինակ։ Փոխարենը՝ ապահովում են ծրագիրը համապատասխան տարածքով եւ մենթորական աջակցությամբ։
Առաջին կոհորտը պիլոտ է՝ 12–16 մասնակից, 16 շաբաթ, Երեւանում, շաբաթը 3 հանդիպում (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ)։ Ծրագիրն ավարտվում է Demo Day-ով։ Ցանկալի գործընկերը եւ/կամ հովանավորը ԱՏՁՄ-ն է՝ որպես տեխնոլոգիական ոլորտի հիմնարար կառույց։
ԱՏՁՄ-ի հայտարարած ուղղություններից են ՏՀ ոլորտի կադրերի պատրաստումն ու տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը։ Delta-ն սնուցում է հենց այդ ուղղությունները.
Ես ստանձնել եմ առաքելություն՝ Հայաստանում ձեւավորել երիտասարդների համայնք, որը ունակ է՝
Դրա համար կա մի բազմաշերտ գործնական ծրագիր, որը ես երկար ժամանակ մշակել եմ համապատասխան փորձագետների ուղղորդմամբ, փորձել եմ ֆինանսավորում գտնել դա իրականացնելու համար, բայց գտնել ռեսուրսներ նման մեծ ծրագրի համար դեռ չեմ հաջողել։ Գլխավոր պատճառը՝ ոչ ոք չէր վստահում մեծ ու բազմաշերտ ծրագրին, քանի դեռ չէր տեսել դրա փոքր հատվածն ու արդյունքը։ Այդ ծրագիրը կոչել էի «Լուսակամար»։
Delta ծրագրի ընթացքում հնարավոր չափով կզարգացնենք մասնակիցների այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք ընկած են հենց «Լուսակամար»-ի հիմքում։ Հավանական է, որ այն կարող է դառնալ հենց «Լուսակամար» ծրագրի ֆինանսավորման աղբյուրներից մեկը։ Եվ, ի վերջո, դա կլինի հենց այն փոքր օրինակը, որը ես կարող եմ ցույց տալ որպես հաջողություն՝ մեծ ծրագիրը ներկայացնելու ժամանակ։
Այսպիսով, Delta ծրագիրը այն առաջին քայլն է, որը տանելու է ինձ ու ծրագրով անցած երիտասարդներից շատերին դեպի «Լուսակամար», որպեսզի միասին կարողանանք երկրում իսկապես բարեփոխումներ անել եւ կերտել այն նորարար, առաջադեմ ու լուսավոր երկիրը, դեպի որը ձգտում ենք։